
Վերջին տարիներին հայ վարորդների ընտրությունն ավելի ու ավելի հաճախ է կանգնում էլեկտարական մեքենաների վրա, ինչը միանշանակ խելամիտ ընտրություն է թե անձնական ֆինանսների կառավարման, թե կենսակերպի փոփոխման և թե բնապահպանական տեսանկյունից։ Հայաստանում այս շուկան բավական արագ է զարգանում, ճանապարհներին օրեցօր ավելանում են էլեկտրոմոբիլները: Շատերի համար այն ավելի թրենդային ու ժամանակակից տարբերակ է, մյուսների համար՝ ավելի շահավետ փոխադրամիջոց։ Բազմազան է նաև էլեկտրական մեքենաների ընտրությունը շուկայում։ Երբ գալիս է առաջին էլեկտական մեքենան ընտրելու պահը՝ դժվար է կողմնորոշվել թե ո՞ր մակնիշն ընտրել, ի՞նչ մարտկոցով, ո՞ր բրենդին վստահել և ի՞նչ սպասումներ ունենալ ավտոմեքենայից ապագայում։
Եկեք միասին հասկանանք, թե ինչպե՞ս ճիշտ ընտրել առաջին էլեկտրական մեքենան և թե ի՞նչ առանձնահատկություններ ունի էլեկտրական մեքենաների վաճառքը Հայաստանում։
Ինչու՞ է Հայաստանում անցումը էլեկտրական մեքենայի խելամիտ որոշում։
Երկար տարիներ հայ վարորդներն իրենց նախապատվությունը տալիս էին ներքին այրման շարժիչով ավտոմեքենաներին, ինչը տարածված տենդենց էր ոչ միայն Հայաստանում, այլև շատ այլ, հատկապես պոստսովետական երկրներում։ Վերջին տարիներին պատկերը զգալիորեն փոխվել է և հիմնական պատճառներից մեկը վառելիքի արժեքի աճն է։ Էլեկտրական մեքենան միջինում մեկ լիցքավորմամբ անցնում է 300-500կմ, ինչը ծախսված գումարի տեսանկյունից 5-6 անգամ ավելի մատչելի է, քան ներքին այրման շարժիչով ավտոմեքենայի դեպքում։ Այս գործընթացի մեկ այլ կարևոր պատճառ հանդիսացավ Էլեկտրական շարժիչով մեքենաների համար սահմանված հարկային արտոնությունը, ինչը ներկրողներին թույլ տվեց սպառողին առաջարկել զգալիորեն մատչելի, շահավետ գին։
Կարևոր խթան է հանդիսացել նաև Երևանի ավագանու կողմից սահմանված էլեկտրական մեքենաների անվճար կայանման արտոնությունը, ինչը միտված էր բարձրացնելու բնապահպանական պատասխանատվությունը քաղաքացիների շրջանում։ Օդի աղտոտման խնդիրն արդիական է ողջ քաղաքակիրթ աշխարհում և Հայաստանը բացառություն չէ։ Հայաստանյան շուկան առաջարկում է նաև «Կանաչ տրանսպորտի» ձեռքբերման տարաբնույթ պայմաններ. բանկերն ու էլեկտրական ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչներն առաջարկում են լիզինգի, Buyback–ի և Trade In–ի շահավետ, արտոնյալ պայմաններ, ինչը զգալիորեն խթանել է էլեկտրական մեքենաների վաճառքը Հայաստանում։
Ի դեպ՝ բազմաթիվ վարորդներ նշում են, որ էլեկտրական մեքենաներն ավելի քիչ են հոգնեցնում երկար վարելիս, ինչը բացատրվում է մեքենայի սահունությամբ, գործողությունների արագ արձագանքմամբ և շարժիչի աղմուկի բացակայությամբ։
Այս ամենը զգալիորեն փոխել է հայ վարորդների մոտեցումը Էլեկտրական մեքենաներին՝ որպես ոչ միայն ոճային ու տարբերվող ընտրություն, այլ նաև որպես երկարաժամկետ խնայողության խելամիտ ներդրում։
Ինչպե՞ս ճիշտ ընտրել առաջին էլեկտրական մեքենան
Առաջին անգամ էլեկտրական մեքենա գնելիս կարևոր է չտրվել միայն մեքենայի արտաքին գրավչությանը և հաշվի առնել մի քանի տեխնիկական գործոն` էլեկտրական մեքենաների վաճառքի շուկայում չխճճվելու համար.
Մարտկոցի տարողություն։ Սա ամենակարևոր ցուցանիշն է։ Եթե մեքենան հիմնականում վարելու եք քաղաքում, ապա բավարար կլինի ընտրել 35-50kWh մարտկոցով մեքենա, որը մեկ լիցքավորմամբ կապահովի 300կմ ընթացք, իսկ եթե ավելի հաճախ եք այցելում մարզեր, լինում ոչ քաղաքային միջավայրում, որտեղ գուցե չգտնվի լիցքավորման կայան, ապա ավելի նպատակահարմար է ընտրել 60-80kWh հզորության մարտկոց, որը կապահովի 450-500կմ ընթացք մեկ լիցքավորմամբ։
Լիցքավորման արագությունը և տեսակը։ Տարբերում ենք երկու տեսակի լիցքավորում՝ սովորական (AC) և արագ (DC)։ Եթե պատրաստվում եք ունենալ սեփական լիցքավորման կայան տանը, կամ աշխատավայրում, ապա համոզվեք, որ մեքենան համատեղելի է AC type 2 համակարգի հետ։ Իսկ եթե պատրաստվում եք օգտվել քաղաքում առկա լիցքավորման կայաններից և նախընտրում եք արագ լիցքավորում, ապա պետք է ընտրել DC լիցքավորմանը համապատասխան մոդել։
Մեքենայի սպասարկում։ Էլեկտրական մեքենան գնման պահին կարող է թվալ ավելի թանկ, քան ներքին այրման շարժիչով նույն դասի այլ մոդելները։ Սակայն կարևոր է չմոռանալ էլեկտրական մեքենայի սպասարկման մատչելիության մասին։ Սա նշանակում է, որ հեռանկարում այս ավտոմեքենան ավելի մատչելի կլինի։ Չկա վառելիքի ծախս, յուղի կամ ֆիլտրերի փոփոխման ծախսեր, շարժիչի հետ կապված տարաբնույթ խնդիրներ։ Միաժամանակ կարևոր գործոն է մեքենայի երաշխիքային սպասարկում, որը պաշտոնական ներկայացուցչից ձեռք բերելու դեպքում տրվում է միջինում 6 տարի՝ այդ ընթացքում:
Խելացի համակարգեր և անվտանգություն։ Ժամանակակից էլեկտրական մեքենաներն առաջարկում են առաջադեմ սմարթ տեխնոլոգիաներ՝ ավտոմատ արգելակման համակարգեր, կայանման օգնականներ, բարձր տեսանելիություն ապահովող տեսախցիկներ և շատ ավելին։ Հատկապես սկսնակ վարորդների համար այս համակարգերը մեծ առավելություն են՝ ապահովելով մաքսիմալ անվտանգություն և ապահովության զգացում։
Բրենդ և պաշտոնական ներկայացուցչություն։ Ոչ պակաս կարևոր է ընտրել էլեկտրական մեքենայի այնպիսի բրենդ, որն ունի պաշտոնական ներկայացուցչություն Հայաստանում։ Ընտրելով պաշտոնական ներկրողին՝ կապահովեք մեքենայի օրիգինալ ծրագրային ապահովում և օրիգինալ պահեստամասերի կիրառում՝ անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև հնարավորություն կունենաք օգտվելու ընկերության տրամադրած գնման և սպասարկման հատուկ պայմաններից։
Երթևեկություն էլեկտրական մեքենայով
Չնայած էլեկտրական մեքենաների վաճառքների ընդլայնմանն ու լայն ընտրությանը՝ անցումը էլեկտրական մեքենայի կարող է անսովոր լինել նույնիսկ ամենահմուտ վարորդի համար։ Ահա թե ինչու կարևոր է իմանալ մի քանի պարզ բան նախքան էլեկտրական մեքենայի ղեկին նստելը։
1. Կարևոր է սովորել պլանավորել լիցքավորումները և սկսել վերաբերվել այդ պրոցեսին ոչ թե որպես խնդրի, այլ որպես բնականոն ռեժիմի։ Ի դեպ՝ մարտկոցի կյանքը երկարաձգելու համար ցանկալի է լիցքավորել 20%-ից ոչ ուշ և 80%-ից ոչ շուտ։
2. Օգտագործեք ռեգեներատիվ արգելակումը։ Այն օգնում է վերականգնել էներգիայի մի մասը՝ երբ արգելակում եք կամ կանգ առնում։ Սա հատկապես արդյունավետ է քաղաքային երթևեկության համար։
3. Սովորեք վարել հանգիստ ռիթմով։ Էլեկտրական մեքենան առավել զգայուն է և արձագանքում է ավելի արագ։ Այդ պատճառով ցանկալի է խուսափել կտրուկ արագացումներից և կտրուկ արգելակումներից։ Դա կխնայի էներգիան և կերկարացնի ընթացքը մեկ լիցքավորումից։
4. Եղեք տեղեկացված էլեկտրական մեքենաների ոլորտի նորություններից, ծրագրային ու տեխնիկական նորույթներից, քանի որ այս ոլորտը զարգանում է չափազանց արագ։ Հետևեք նաև տեղական շուկայի անցուդարձին՝ ճիշտ ժամանակին ճիշտ գնման որոշումները բաց չթողնելու համար։
Եվ մի մոռացեք, որ էլեկտրական մեքենայի ձեռքբերումը ոչ միայն պարզապես մեքենայի գնում է, այլև կենսակերպի, կայնքի ոճի փոփոխություն։ Առաջին էլեկտրական մեքենայի ճիշտ ընտրությունը կախված է ձեր կյանքի ռիթմից, նախասիրություններից և ժամանակին համընթաց քայլելու ձգտումից։ Այս ամենի գիտակցումը կմոտեցնի ձեզ ձեր ցանկալի էլեկտրական մեքենային, որը շատ շուտով կդառնա ձեր կյանքի բնական ու անբաժան մասը։
