
Հուլիսի 23-ին Սևան Ստարտափ Սամմիթ 2025-ի շրջանակում անցկացվեց «Sevan EV Rally 2025» մրցաշարը, որը տարածաշրջանի առաջին և ամենամասշտաբային էլեկտրամոբիլային մրցույթն էր։ Այս տարվա մրցաշարի գլխավոր գործընկերն էր «Ավտո Գելլրի» ընկերությունը:
Մրցույթի այս տարվա հիմնական նպատակը ոչ միայն Հայաստանում էլեկտրամոբիլների կիրառման խթանումն էր, այլև հանրության իրազեկվածության բարձրացումը շրջակա միջավայրի պահպանության և էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ։ Միջոցառման ընթացքում մասնակիցները առանձնահատուկ կարևորեցին Սևանա լճի պահպանությունը՝ որպես ազգային արժեք, և դրա նկատմամբ առավել պատասխանատու ու հոգատար վերաբերմունքի ձևավորումը։
«Ավտո Գելլրի» ՓԲԸ-ի հիմնադիր-տնօրեն Գևորգ Գևորգյանն իր խոսքում նշեց, որ Sevan EV Rally 2025-ը ոչ միայն մրցույթ է, այլ հարթակ՝ ցուցադրելու շարժման ապագան և ապացուցելու, որ լեկտրամոբիլները պարզապես նորաձև միտում չեն, այլ կարևոր ներդրում են շրջակա միջավայրի պահպանության գործում և երկրի էկոլոգիապես կայուն զարգացման մեջ։
Մրցաշարին մասնակցում էին ինչպես ընկերություններ, այնպես էլ անհատ վարորդներ՝ ներկայացնելով շուրջ 30 տարբեր բրենդների 4WD և 2WD քարշակմամբ էլեկտրական մեքենաներ։ «Ավտո Գելլրի»-ն մրցույթում հանդես եկավ իր ներկայացրած IM Motors և Saic Maxus ապրանքանիշերի էլեկտրամոբիլներով։ Քարշակվող 4WD դասում «Ավտո Գելլրի»-ի թիմը, հանդես գալով IM L7 մոդելով, նվաճեց առաջին տեղը՝ դառնալով մրցույթի հաղթող։






